Մայիսի 9-ին, դեպի Երեւան երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում ՝ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը՝ անդրադարձավ ԱԱԾ-ի, ոստիկանության, քննչական կոմիտեի նախազգուշացում-հորդորներին։ Ուժային կառույցները կոչ են արել չդիմել անօրինական, սահմանադրական կարգին սպառնացող գործողությունների: «Ես չգիտեմ՝ ինչու են նման բան հայտարարել, այստեղ սահմանադրական կարգին սպառնալիք կա՞։ Երեւի գործ է, անում են»,-ասաց Բագրատ սրբազանը։
Հարցին՝ ինչու են գնում Հանրապետության հրապարակ, նա պատասխանեց. «Մենք պատասխան ունենք ստանալիք, պետք է ստանանք: Այս ժողովուրդն ինքնաբուխ դուրս է եկել այդ պատասխանն ստանալու»:
Սրբազանի խոսքով՝ իրենց սպիտակ հագուստը հաշտության, խաղաղության, հաղթանակի խորհուրդն ունի. «Մենք այդպես ենք սկսել՝ առանց գույնի եւ բոլոր գույներով:
Ցավոք սրտի, այս մարդիկ այնքան գաղափարից զուրկ են, այնքան մոլորեցնող են, այնքան ստախոս են, որ նույնիսկ սահմանը չկա: Մենք եկել ենք խաղաղ, հանգիստ, առանց ագրեսիայի, այսքան օրերին դուք որեւէ ագրեսիա, որեւէ կոչ տեսե՞լ եք: Մենք ասել ենք, որ գալիս ենք խպատասխան ստանալու: Կտան այդ պատասխանը՝ կտան: Մնացածը դատարկաբանություն է, մեղք են իրենք, ամոթ է»,-ասաց նա:
Ի՞նչ է լինելու եկեղեցու հետ, եթե այս շարժումը չհաջողի։
«Հիմա դրա ժամանա՞կն է: Եթե երկիրդ օրհասական վիճակում է, ժողովուրդդ ստորացած, նվաստացած, ամեն տեղից ելնողը քեզ պարտադրում է, թելադրում է, մեզ ի՞նչ է մնացել ասելու: Ասելու՝ ձեր զուրը եւ մեր պարանո՞ցը: Մենք հանգիստ, խաղաղության ու հաշտության կոչով, ներելու պատրաստ, հաղթանակի տեսիլքով: Ես բախումների վտանգ չեմ տեսնում, ինչու պետք է բախում լինի: Ես իրենց խորհուրդ կտամ՝ համբերեք, հայելի օգտագործեք տնից դուրս գալուց եւ տուն գնալուց: Եթե որեւէ բախում տեղի ունեցավ, պաշտոնապես ասում եմ՝ իրենց պատասխանատվությունն է եւ իրենք են մեղավորը:
Ձեզ օրենքի սահմաններում կպահեք, որեւէ բռնություն չեք կիրառելու, անօրինական որեւէ գործողություն չեք անելու ձեր իսկ սեփական ժողովրդի նկտմամբ: Դա լինելու է ձեր չգիտեմ ինչը»,-ասաց Տավուշի թեմի առաջնորդը դիմելով ՀՀ ներքին գործերի նախարարին․
–Վահե Ղազարյան, մենք միասին ճաշել ենք, հաց ու աղ ենք բաժանել, լավ էլ ճանաչում եմ ձեզ, դուք էլ՝ ինձ: Որեւէ ձեւով անօրինական որեւէ հրաման, հրահրում, առաջին պատասխանատուն դուք եք լինելու եւ ձեր անմիջական ղեկավարը: Բավական է: Դուք շատ լավ եք ինձ ճանաչում:
Եթե սա ձեզ համար կյանքի ու մահվան պատերազմ է՝ ժողովրդի դիմաց, մեզ համար հաշտության, խաղաղության, արժանապատվության, հայրենիքի եւ պատվի երթ, շարժ ու պայքար է: Ցավոք սրտի, սա դարձել է ներքին պայքար, սա պետք է լիներ արտաքին թշնամու դեմ։
Տեսանյութը aravot.am-ի
0 Մեկնաբանություն