Այսօր՝ ապրիլի 24–ին աշխարհասփյուռ հայերը ոգեկոչում են Հայոց Ցեղասպանության 1.5 միլիոն սուրբ նահատակների հիշատակը։
109 տարի առաջ այս օրը՝ 1915թ․ ապրիլի 24-ին, Օսմանյան Թուրքիայի մայրաքաղաք Կոստանդնուպոլսում սկսված հայ մտավորականների՝ գրողների ու բանաստեղծների, երաժիշտների ու բժիշկների, ճարտարապետների ու պատգամավորների ձերբակալություններով, հետագայում նաեւ սպանդով սկիզբ առավ կայսրության հայ հպատակների բնաջնջումը։ 1908թ․-ին սուլթան Աբդուլ Համիդին գահընկեց արած, բայց նրա արյունոտ ծրագիրը 1909-ին՝ Ադանայի 30 հազար հայերի կոտորածով շարունակած երիտուրքական կուսակցության պարագլուխները դեռես 1911 թվականին էին Սալոնիկի գաղտնի ժողովում ծրագրել կայսրության տարածքում հայկական տարրի վերացումը։
Տեղահանվեց, սովամահ եւ տանջամահ արվեց 1,5 մլն հայ։ Խույս տալով պատասխանատվությունից՝ երիտթուրք պարագլուխները 1918-ի աշնանը փախան Գերմանիա։ Հիմնական դերակատարներից ոչ մեկը չխուսափեց արդար դատաստանից։ Թուրքական պետության հակահայ քաղաքականության ժառանգականությունը հիմնավորող պատմաբանները մատնանշում են, որ երեք տարբեր եւ միմյանց թշնամի վարչակազմեր (սուլթան Աբդուլ Համիդ, երիտթուրքեր, Մուստաֆա Քեմալ) համերաշխ էին մեկ՝ հայերի համընդհանուր բնաջնջման, հարցում։ Նրանց հաջորդած կառավարություններն էլ հետեւողականորեն ժխտել եւ չեն ապաշխարել Հայերի ցեղասպանության համար։
Ներկայացնում ենք Արտյոմ Սյունեցու պատրաստած «Ղողանջ եղեռնական» տեսաֆիլմը։
0 Комментарий